Print this page

Էկո-պլանտ ՀԿ-ն ներկայացնում է սեփական տեխնոլոգիայի կիրառմամբ, տեղական հումքից՝ փտած գոմաղբից, կենսահումուսից կամ տորֆից և գոմաղբի այրումից ստացված մոխրից օրգանական հեղուկ կենսախթանիչ պարարտանյութ, որը տրվում է մշակաբույսերին վեգետացիայի տարբեր փուլերում, արտարմատային (տերևային) սնուցմամբ:

1) Պարարտանյութի առանձնահատկություններն ու առավելությունները

Օրգանական կենսախթանիչ պարարտանյութը՝ ֆուլվոթթուների միկրո և մակրո աղերի տեսքով, ստացվում է կիսափտած գոմաղբի և գոմաղբից ստացված մոխրի խառնուրդից այնպիսի եղանակով, որ պարունակում է կենսաբանորեն ակտիվ հետևյալ նյութերը.

  • Ֆուլվոթթուներ – բերրիության միակ ցուցանիշը (երաշխիքը), որը հայտնի է բնության մեջ: Այն բարձրամոլեկուլյար բարդ կառուցվածքով նյութ է, որի միջոցով բույսերը պահում են համապատասխան սննդատարրեր: Այն բնության կողմից «ընդունելի» նյութն է, որը մասնակցում է բույսի կենսաբանական բոլոր գործընթացներին՝ մատակարարելով բուսին հատկապես միկրո տարրեր: Ունի մեծ շարժունություն և ամբողջովին ներծծվում է բույսի վեգետատիվ օրգաններով: Առաջացնում է կայուն կոմպլեքսային միացություններ հայտնի բոլոր միկրոտարրերի հետ և հանդիսանում դրանց «մատակարարը» բույսի համար: Կանխում է նիտրատների և այլ վնասակար նյութերի կուտակումը բույսի մեջ: Կտրուկ խթանում է բույսերի աճը, արմատային համակարգի զարգացումը, բերքատվությունը, բարելավում բերքի որակական հատկանիշները, բարձրացնում բույսի դիմադրողականությունը հիվանդությունների և անբարենպաստ պայմանների նկատմամբ, մեծացնում սերմերի ծլունակությունը՝ ծլման էներգիայի բարձրացման շնորհիվ: Օգտագործվում է օրգանական գյուղատնտեսության մեջ:
  • Միկրոտարրեր – պարունակում է երկաթ, մոլիբդեն, ցինկ, պղինձ, բոր, մանգան, կոբալտ միկրոտարրերը կոմպլեքսային (խելատային) միացությունների ձևով՝ որպես ֆուլվատներ, այնպիսի հարաբերակցությամբ, ինչպիսին պարունակում են բուսական օրգանիզմները, քանի որ ստացվում են գոմաղբից և մոխրից, որպես «կենսաբանական մնացորդներ»: Նշված միկրոտարրերը ամբողջությամբ յուրացվում են բույսի կողմից՝ հատկապես արտարմատային (տերևային) սնուցման միջոցով: Ապահովում են բույսերում ընթացող կենսաբանական գործընթացների լիարժեքությունը: Բնության մեջ, ինչպես նաև տվյալ կենսահեղուկում, դրանք գտնվում են ֆուլվոթթուների հետ կոմպլեքս միացությունների ձևով: Միայն արտարմատային սնուցումով բավարարվում է դրանցով բույսերի պահանջը: Բնապահպանորեն մաքուր են, քանի որ ստացվում են բնական հումքից՝ հավասարակշռված վիճակում:
  • Մակրոտարրեր – կենսահեղուկն ամբողջությամբ լուծված վիճակում պարունակում է ազոտ, ֆոսֆոր, կալիում, կալցիում և մագնեզիում տարրերը այն հարաբերակցությամբ և միացությունների ձևով, ինչպիսին գտնվում են բույսերի մեջ: Հետևաբար ունեն կենսաբանական մեծ ակտիվություն և յուրացվելիություն: Նշված տարրերը նույնպես գտնվում են ֆուլվոթթուների հետ միացությունների ձևով՝ աղերի և կոմպլեքս աղերի տեսքով:
  • Ամինաթթուներ – հանդիսանում են կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք են՝ գլյուտամինաթթու, ասպարգինաթթու, գլիցին, պրոլին, արգինին, որոնք ստացվում են բուսական սպիտակուցների քայքայմամբ և հիմք են հանդիսանում բուսական օրգանիզմներում նմանատիպ սպիտակուցների սինթեզի համար: Դրանք ստացվել են այն սպիտակուցների քայքայմամբ, որոնք պարունակվում են գոմաղբի մեջ, գտնվում են հավասարակշռված վիճակում, և ամբողջությամբ ընդունելի ու յուրացվելի են բույսի կողմից՝ տերևային սնուցման միջոցով: Միկրոտարրերի հետ նույնպես առաջացնում են կոմպլեքսային միացություններ՝ ապահովելով լուծույթի կայունություն և փոխադարձ յուրացվելիություն: Ունեն նմանատիպ ազդեցություն, ինչ ֆուլվոթթուները: Կենսահեղուկը չի պարունակում ախտածին միկրոօրգանիզմներ, այն ունի հակասնկային մեծ ակտիվություն, համատեղելի է բուժանյութերի հետ:

Արտարմատային (տերևային) սնուցում.

Բույսերի 3-անգամյա սնուցումը արտարմատային եղանակով խթանում է վերգետնյա կենսազանգվածի և արմատային համակարգի զարգացմանը, ակտիվացնում նյութափոխանակությունը, լիարժեք ապահովում միկրոտարրերի պահանջը:

2) Սերմերի նախացանքային մշակում

Կենսախթանիչ պարարտանյութով սերմերի նախացանքային մշակումը նպատակ ունի բարելավելու սերմերի ծլունակությունը՝ ծլման էներգիայի բարձրացման շնորհիվ, որի արդյունքում ձևավորվում է նաև հզոր արմատային համակարգ: Մշակմամբ պայմանավորված ստացվում է հավասարաչափ ծլում: Աշնանացան և վաղ գարնանացան մշակաբույսերի նախացանքային մշակումը մինչև 50%-ով բարձրացնում է նաև բույսերի ցրտադիմացկունությունը և կայունությունը սնկային, վիրուսային և բակտերիալ հիվանդությունների նկատմամբ: Պարարտանյութն ամբողջությամբ համատեղելի է ախտահանիչների հետ, որոնց քանակները համատեղման պարագայում կարելի է կրճատել մինչև 30%-ով:

Նախացանքային մշակման եղանակն ըստ մշակաբույսերի.

  • Հացահատիկային կուլտուրաներ – լուծույթը նոսրացնել 1:10 հարաբերությամբ և ցողել սերմը: Աշխատանքային լուծույթի ծախսը՝ 10-100 լ /տ.
  • Բանջարաբոստ. կուլտուրաներ - լուծույթը նոսրացնել 1:20-25 հարաբերությամբ և ցողել սերմերը ցանքսից 10-12 ժ. առաջ: Աշխատանքային լուծույթի ծախսը՝ 3 լ /կգ.:
  • Կարտոֆիլ – լուծույթը նոսրացնել 1:20 հարաբերությամբ և ցողել սերմացուն անմիջապես ցանքսից առաջ: Աշխատանքային լուծույթի ծախսը՝ 10լ/100կգ.

Միայն սերմի նախնական մշակումը թույլ է տալիս երաշխավորել բերքատվության աճ՝ ի հաշիվ ձևավորված հզոր արմատային համակարգի:

3) Պարարտանյութի օգտագործման եղանակն ըստ մշակաբույսերի

Հացահատիկային կուլտուրաներ – լուծույթը նոսրացնել 1:100 հարաբերությամբ և փոշեցրել: Աշխատանքային լուծույթի ծախսը 500-1000 լ /հա:

Պարարտացումը կատարել 3 անգամ.

  1. Թփակալման փուլում
  2. Ցողունակալման փուլում
  3. Հասկակալման փուլում:

Բանջարաբոստ. կուլտուրաներ - լուծույթը նոսրացնել 1:100 հարաբերությամբ և փոշեցրել:

Աշխատանքային լուծույթի ծախսը 500-1000 լ /հա:

Պարարտացումը կատարել 3 անգամ.

  1. 3-4 տերև առաջացման ժամանակ
  2. Ծաղկակալման փուլում
  3. Բերքի ձևավորման փուլում

Կարտոֆիլ և արմատապտուղներ – լուծույթը նոսրացնել 1:100 հարաբերությամբ և փոշեցրել:

Աշխատանքային լուծույթի ծախսը 500-1000 լ /հա:

Պարարտացումը կատարել 3 անգամ.

  1. Թփակալում՝ 5-7 տերևների առաջացման ժամանակ
  2. Առաջին պարարտացումից 30 օր հետո
  3. Ծաղկումից հետո

Խաղող և կորիզապտուղներ – լուծույթը նոսրացնել 1:100 հարաբերությամբ և փոշեցրել:

Աշխատանքային լուծույթի ծախսը 800-1200 լ /հա:

Պարարտացումը կատարել 3 անգամ.

  1. Երբ տերևների տրամագիծը կազմում է 4-5 սմ.
  2. Ծաղկման փուլում
  3. Բերքի ձևավորման և հասունացման փուլերում

Հատապտուղներ – լուծույթը նոսրացնել 1:100 հարաբերությամբ և փոշեցրել:

Աշխատանքային լուծույթի ծախսը 500-1000 լ /հա:

Պարարտացումը կատարել 3 անգամ.

  1. Գարնանային վեգետացիայի ընթացքում
  2. Ծաղկումից հետո
  3. Բերքի ձևավորման փուլում:

Կենսահեղուկի ծախսը կազմում է 10 լ/հա, որի 3 անգամյա օգտագործումը բույսին լիարժեք ապահովում է կենսաբանորեն ակտիվ այնպիսի նյութերով, ինչպիսիք են հումինաթթուները՝ ֆուլվոթթուների ձևով, միկրոտարրերով, ամինաթթուներով: Լիարժեք և ճիշտ պարարտացման արդյունքում ապահովվում է բերքատվության աճ նվազագույնը՝ 20 % - ով, բերքի որակական ցուցանիշների էական բարելավում՝ շուտ և հավասարաչափ հասունացում, ածխաջրերի և սպիտակուցների քանակի ավելացում, բերքի լավ ապրանքային տեսք և պահողունակություն, տեղափոխելիություն, բնապահպանական մաքրություն:

Կենսահեղուկը հնարավոր է օգտագործել նաև հանքային պարարտանյութերի հետ՝ վերջիններիս քանակը կրճատելով 50 – 100 % - ով: Այն համատեղելի է նաև թունաքիմիկատների հետ ( պղինձ պարունակողների հետ փորձել համատեղելիությունը): Համատեղ օգտագործման դեպքում հակասնկային բուժամիջոցները հնարավոր է կրճատել մինչև 30 % - ով:

Բացի վերը նշված եռափուլ օգտագործումից, կենսահեղուկն արհրաժեշտ է օգտագործել.

  1. Ցրտահարումից պաշտպանելու (ցրտակայունությունը որոշակիորեն բարձրացնելու) նպատակով
  2. Ցրտահարումից և կարկտահարումից բույսի արագ վերականգնման նպատակով
  3. Կլիմայական այլ անբարենպաստ գործոնների նկատմամբ դիմադրողականության և հարմարվողականության բարձրացման նպատակներով:

Այն՝ 1. տնտեսապես արդյունավետ է

2. բնապահպանորեն մաքուր:

4) Կանխարգելիչ հատկությունները հիվանդությունների նկատմամբ

Կենսահեղուկն ունի կանխարգելիչ ընդգծված ազդեցություն սնկային, վիրուսային և բակտերիալ հիվանդությունների նկատմամբ: Ընդհանուր առմամբ դրա կանխարգելիչ ազդեցությունը կազմում է.

  • Արմատային փտում՝ 60 – 80 %
  • Արմատապտղային հիվանդություններ՝ մինչև 60 %
  • Պտղափտում՝ մինչև 75 %

Կանխարգելիչ ազդեցությունն ըստ մշակաբույսերի հետևյալն է

Հացահատիկային կուլտուրաներ

  1. Ալրացող – վարակման հավանականությունը կրճատվում է 2 – 3 անգամ
  2. Արմատային փտում՝ 40 – 70 %
  3. Սեպտորիոզ և ֆուզարիոզ՝ 50 – 60 %
  4. Գանգրոտություն՝ 40 – 50 %

Կարտոֆիլ

  1. Ֆիտոֆտորոզ՝ 3 – 6,6 անգամ
  2. Մակրոսպորիոզ՝ 3,3 – 12 անգամ
  3. Պարշա՝ 40 – 50 %
  4. Փտում՝ 60 – 70 %

Շաքարի ճակնդեղ

  1. Ցերկոսպորոզ՝ 2 – 3 անգամ
  2. Պերոնոսպորոզ՝ 1,7 անգամ
  3. Ալրացող՝ մինչև 2,5 անգամ

Բանջարաբոստանային կուլտուրաներ

  1. Ֆիտոֆտորոզ՝ 1,4 – 2,8 անգամ
  2. Ալտերնարիոզ՝ 1,6 – 2,8 անգամ
  3. Սեպտորիոզ՝ 1,4 – 2 անգամ
  4. Բակտերիալ սև բծավորություն՝ 1,4 – 2 անգամ
  5. Ալրացող՝ 1,5 անգամ
We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…